Կանոնադրություն
|
|
|
|
ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
ոչ առևտրային կազմակերպություն
ԵՐԵՎԱՆ 2007թ.
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) «Գիտության զարգացման հիմնադրամ» (այսուհետև` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, գիտական, գիտակրթական, գիտատեխնիկական, բնապահպանական և այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հիմնադրամների մասին ՀՀ օրենսդրությամբ, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (այսուհետև հիմնադիր), գրանցված ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Արաբկիրի տարածքային բաժնի կողմից 28.06.2002թ., գրանցման համար - 264.210.05842, վկայականի համար - 03Ա 055313: Հիմնադրի գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն է. 0019,Երևան,Մարշալ Բաղրամյանի պող. 24:
4. Հիմնադրամը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Հիմնադրամը ստեղծված է անժամկետ:
5. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
6. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով:
8. Հիմնադրամի փաստացի շահառուներ են համարվում ՀՀ ԳԱԱ կազմի մեջ մտնող գիտական կազմակերպությունները: Հիմնադրամի հնարավոր շահառուներն են ՀՀ ԲՈՒՀ-ական համակարգի գիտական ստորաբաժանումների գիտական աշխատողները, ՀՀ այլ գերատեսչական պատկանելիություն ունեցող գիտական կազմակերպությունները և նրանցում աշխատող գիտնականները, ինչպես նաև հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, հիմնադրամի աշխատողները: Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին կարող են կատարվել որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել հիմնադրամի գույքի որոշ մասը:
9. Հիմնադրամի անվանումն է`
Հայերեն լրիվ` ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»:
Հայերեն կրճատ՝ «ԳԶ հիմնադրամ»:
Ռուսերեն լրիվ` "Фонд развития науки"
Ռուսերեն կրճատ՝ՙ"Фонд РН".
Անգլերեն լրիվ ` "Science Development Foundation" of NAS RA:
Անգլերեն կրճատ՝ "SD Foundation".
10. Հիմնադրամն ունի իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) կլոր կնիք, իր անվանումը պարունակող տիտղոսաթերթեր, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:
11. Հիմնադրամի գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն. 0019, Երևան, Մարշալ Բաղրամյանի պող. 24:
II. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակները
Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`
1.աջակցել գիտական հետազոտությունների իրականացմանը, ֆինանսավորելով կարևորագույն գիտական և գիտատեխնիկական ծրագրերը,
2.նպաստել գիտության ոլորտում ներդրումային և նորաստեղծային քաղաքականության իրականացմանը,
3.իրականցնել գիտական կազմակերպությունների ինֆրակառուցվածքի ¥ժամանակակից գիտական սարքավորումների¤ արդիականացմանը ուղղված ծրագրեր,
4.նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և վերաորակավորմանը,
5.օժանդակել երիտասարդ գիտնականների առաջընթացն ապահովող ծրագրերին,
6.սատարել գիտնականների սոցիալական վիճակի լավացմանը,
7.իրականացնել անկախ փորձագիտություն՝ ելնելով գիտական ծրագրերի և արդյունքների գնահատման միջազգային չափորոշիչներից,
8.խթանել գիտական արդյունքների ներդրումը հանրապետության տնտեսության մեջ ապահովող գործունեությունը,
9.հատուկ ուշադրություն դարձնել հայագիտության արդի և հեռանկարային հիմնահարցերին,
10.իրականացնել հրատարակչական գործունեության,
11.անցկացնել գիտաժողովներ և սեմինարներ,
12.ստեղծել տարբեր բնույթի տեղեկատվական բանկեր,
13.իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեության:
III. Հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը
1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և ֆինանսական միջոցները:
3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝
4.1.հիմնադրի ներդրումը.
4.2. ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
4.3. դրամական մուտքերը պետական բյուջեից.
4.4. դրամաշնորհները.
4.5. հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
4.6. հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
4.7. օրենքով չարգելված այլ միջոցներ:
5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի:
IV. Հիմնադրամի իրավունքները
1. Սույն կանոնադրության նպատակներին համապատասխան հիմնադրամն իրավունք ունի՝
1.1. անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.
1.2. հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ.
1.3. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
1.4. ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
1.5. ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից.
1.6. անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.
1.7. իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
2. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է սույն կանոնադրությամբ ամրագրված նպատակների իրականացմանը: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:
V. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Հիմնադրամը պարտավոր է՝
1.1. գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, þþՀիմնադրամների մասին” ՀՀ օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի սույն կանոնադրությանը համապատասխան.
1.2.օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
1.3. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություներ ներկայացնել պետական մարմիններին.
1.4. իրականացնել օրենքներով սահմանված այլ պարտականություններ:
2. Հիմնադրի, նվիրատվություններ իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է նրանց պահանջով տրամադրել կանոնադրության պատճենը:
VI. Հիմնադրամի մարմինները
Հիմնադրամի մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը:
VII. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը
1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրը: Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 7 հոգուց:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է հիմնադրի կողմից:
4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին (համանախագահներին) առաջին անգամ ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ստանում են փոխհատուցում իրենց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
7. Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը՝ հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների կամ գլխավոր տնօրենի առաջարկությամբ, հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հիմնադրամում խոշոր ֆինանսական ներդրումներ կամ հիմնադրամի աշխատանքների կազմակերպման հարցում մեծ դեր իրականացնող անձանց պատվավոր անդամի (կամ այլ տիպի պատվավոր) կոչում շնորհելու կարգը հաստատում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
8. Եթե հոգաբարձուների խորհրդի անդամը նշանակվում է ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
VIII. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները
1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1.1. առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
1.2. նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
1.3. ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
1.4. ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
2.1 մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2.2 իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:
IX. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը
1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
2.1. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
2.2. նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.
2.3. եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
2.4. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
2.5. նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.
2.6. նրա մահվան դեպքում.
2.7. եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:
3. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին գլխավոր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:
Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գլխավոր տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
4. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել ՙՀիմնադրամների մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:
5. Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝
5.1. իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորությունները.
5.2. դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:
X. Հոգաբարձուների խորհրդի որոշումները
1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի (համանախագահների), հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով:
3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
XI. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունները
1. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`
1.1. հիմնադրամի ռազմավարական ծրագրերի հաստատումը.
1.2. հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
1.3. հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
1.4. հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
1.5. հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
1.6. հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
1.7. հիմնադրամի լուծարման հանձնաժողովի նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
1.8. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
1.9. հոգաբարձուների խորհրդի նախագահի (համանախագահների), գլխավոր տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.
1.10. հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
1.11. հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
1.12. տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
1.13. հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
1.14.ամեն տարվա առաջին եռամսյակում գլխավոր տնօրենի նախորդ տարվա հաշվետվությունների լսումը.
1.15. իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
1.16. հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
1.17. հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
1.18. հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
1.19. օրենքով նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
2. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
3. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
XII. Հոգաբարձուների խորհրդի նախագահը (համանախագահները)
1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին (համանախագահներին) ընտրում են խորհրդի անդամները՝ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին (համանախագահներին) կամ ընտրել նոր նախագահ (համանախագահներ)՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով:
2. Խորհրդի նախագահը (համանախագահները) `
2.1. կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2.2. գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
2.3. կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
2.4. հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի (համանախագահների) բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
5. Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
XIII. Հիմնադրամի գլխավոր տնօրենը
1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը:
2. Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
Գլխավոր տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
Գլխավոր տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակում է հիմնադիրը:
Գլխավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը (համանախագահը) կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:
3. Գլխավոր տնօրենը`
3.1. տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
3.2. ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3.3. գործում է առանց լիազորագրի.
3.4. տալիս է լիազորագրեր.
3.5. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
3.6. բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
3.7. հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
3.8. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
3.9. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.
3.10. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
3.11. իրականացում է օրենքով նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:
4. Գլխավոր տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:
XIV. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները
1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:
2. Արձանագրության մեջ նշվում են`
2.1. նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2.2. նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.
2.3. նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.
2.4. նիստի օրակարգը:
Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:
3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն կանոնադրության սույն հոդվածի երկրորդ մասի 2.1 - 2.3 կետերում նշված տեղեկությունները, իսկ 2.4 կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:
XV. Հաշվառումը և հաշվետվությունները: Հիմնադրամի մասին տեղեկությունները
1. Հաշվապահական հաշվառումը: Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
2. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝
2.1. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, գլխավոր տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից.
2.2. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Հաշվետվության ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հիմնադրամի կողմից ՀՀ ՙՀիմնադրամների մասին՚ օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
4. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:
3. Հիմնադրամը՝ հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու պահանջով:
4. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող առաջին եռամսյակում հիմնադրամը հաշվետվություն է տալիս հիմնադրին:
XVI. Հիմնադրամի վերակազմակերպումը
1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի կամ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ի որոշմամբ:
3. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
5. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերերն իրավունք ունեն հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
6. Հիմնադրամը կարող է միաձուլել իր մեջ երկու կամ ավելի միաձուլվող հիմնադրամների, նրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հիմնադրամների դադարմամբ:
7. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները:
8. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները ՀՀ ՙՀիմնադրամների մասին՚ օրենքով սահմանված կարգով՝ միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաև միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) և փոխանցման ակտերը:
9. Հիմնադրամների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:
10. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
11. Հիմնադրամը կարող է միանալ մեկ կամ մի քանի հիմնադրամների՝ դրանց իր իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ:
12. Միացմանը մասնակցող հիմնադրամները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները:
13. Միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերի մասին:
14. Հիմնադրամների միացման դեպքում միացած հիմնադրամներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:
15. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
16. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների միջև, ստորագրում են տնօրենները և ենթակա է հաստատման վերակազմակերպման մասին որոշմամբ:
17. Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`
17.1. մասնակից կողմերի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.
17.2. միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.
17.3. միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը կամ միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշման կայացման ժամկետը.
17.4. այլ տեղեկություններ՝ միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:
18. Փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի վերակազմակերպված հիմնադրամի (հիմնադրամների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:
XVII. Հիմնադրամի լուծարումը
1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
3.1. հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
3.2. իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3.3. հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
3.4. հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
3.5. հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
3.6. հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
3.7. հիմնադրամը կարող է լուծարվել նաև ՀՀ օրենքներով նախատեսված այլ դեպքերում:
4. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
5. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
6. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
7. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
8. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:
9. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
10. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
11. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
12. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, ՀՀ օրենքներով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:
13. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:
14. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
15. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:
16. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
17. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
18. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կանոնադրության սույն հոդվածի 4-րդ, 12-րդ և 16-րդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:
|
|
|